0 ֏
+374 33 77 77 99 , +374 55 05 50 33
ՀՀ, ք.Երևան
«__»_______2021թ.
«ԼԻՄԻՏԼԵՍՍ» ՍՊԸ, ի դեմս տնօրեն Տաթևիկ Մարգարյանի, ով գործում է կանոնադրության հիման վրա, մի կողմից, (այսուհետ՝ Վարձատու), և ———————————, մյուս կողմից (այսուհետ՝ Վարձակալ), (Վարձատուն և Վարձակալը միասին՝ Կողմեր), կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր) հետևյալի մասին․
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
Սույն պայմանագրով Վարձատուն վճարի դիմաց Վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանն է հանձնում Պայմանագրի 1.2. կետում նշված բնութագրով տրանսպորտային միջոց (այսուհետ` Ավտոմեքենա):
Ավտոմեքենայի բնութագիրը
մակնիշը՝ ________________________________
գույնը՝___________________________________
թողարկման տարեթիվը՝ __________________
պետհամարանիշը՝________________________
գրանցման համարը՝ ______________________
թափքի համարը (vin)՝ _____________________
Ավտոմեքենան վարձակալության է հանձնվում առանց նրան կառավարման և տեխնիկական շահագործման ծառայություններ մատուցելու։
Վարձակալի կողմից Ավտոմեքենայի օգտագործումը չպետք է հակասի դրա նպատակային նշանակությանը։
Վարձակալը կրում է վարձակալած Ավտոմեքենայի պահպանման, այն ապահովագրելու` ներառյալ իր պատասխանատվությունն ապահովագրելու, ինչպես նաև շահագործման հետ կապված բոլոր ծախսերը։
Վարձակալը հավաստիացնում է, որ վարձակալության ամբողջ ժամանակահատվածում Ավտոմեքենան վարելու է ________________(այսուհետ՝ Վարորդ), ով ունի նման տրանսպորտային միջոց վարելու իրավունք:
ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Վարձատուն իրավունք ունի՝
Վարձակալից պահանջել Ավտոմեքենան օգտագործել Պայմանագրի պայմաններին և դրա նշանակությանը համապատասխան։
Հսկողություն իրականացնել Վարձակալի կողմից Ավտոմեքենայի օգտագործման նկատմամբ։
Վարձակալի կողմից վարձավճարը վճարելու ժամկետների խախտման դեպքում նրանից պահանջել վճարելու վարձավճարը, ինչպես նաև պարտավորությունները խախտելու համար Պայմանագրով սահմանված տույժերը։
Եթե Վարձակալն Ավտոմեքենայից օգտվում է Պայմանագրի պայմաններին կամ նշանակությանն անհամապատասխան՝ պահանջել լուծելու Պայմանագիրը և հատուցելու վնասները։
Վարձակալի կողմից Պայմանագրի որևէ կետի խախտման դեպքում Վարձատուն իրավունք ունի միակողմանի լուծել Պայմանագիրը՝ Վարձակալին չվերադարձնելով նախապես վճարված որևէ գումար և պահանջելով պատճառված վնասների լրիվ հատուցում։ Սույն կետի իմաստով պատճառված վնասների մեջ են ներառվում նաև բաց թողնված օգուտը, ինչպես նաև դատական գործընթացի դեպքում փաստաբանին վճարվելիք գումարներն ամբողջությամբ:
Վարձակալի կողմից Ավտոմեքենան Վարձատուին վերադարձնելու վերջնաժամկետից 24 ժամ հետո այն չվերադարձնելու դեպքում Վարձատուն իրավունք ունի դիտարկել դա որպես Ավտոմեքենայի հափշտակություն և հետ վերցնել Ավտոմեքենան ցանկացած վայրից առանց Վարձակալին զգուշացնելու կամ դիմելու Ոստիկանություն: Ընդ որում, Ավտոմեքենայում թողնված իրերի պահպանման համար կամ կորստի դեպքում Վարձատուն չի կրում որևէ պատասխանատվություն:
Վարձատուն պարտավոր է.
Պայմանագրի պայմաններին համապատասխան Վարձակալին տրամադրել Պայմանագրի 1.2. կետում նշված Ավտոմեքենան։
Ավտոմեքենան հանձնել Վարձակալին սարքին վիճակում՝ դրա նշանակությանը համապատասխան օգտագործելու համար։
Վարձակալին հանձնել Ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը և Ավտոմեքենայի օգտագործման համար անհրաժեշտ այլ փաստաթղթերը (եթե այդպիսիք առկա են)։
Վարձակալն իրավունք ունի.
Վարձատուից պահանջել Պայմանագրի պայմանների համաձայն իրեն տրամադրել Պայմանագրի 1.2. կետում նշված Ավտոմեքենան։
Վարձատուից պահանջել իրեն տրամադրել Ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը և Ավտոմեքենայի օգտագործման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր (եթե այդպիսիք առկա են)։
Վարձակալը պարտավոր է.
Վարձավճարը Վարձատուին վճարել ժամանակին՝ սույն Պայմանագրով սահմանված կարգով և պայմաններով։
Կատարել Ավտոմեքենայի առևտրային շահագործման հետ կապված ծախսերը, ներառյալ՝ վառելիքի և շահագործման ընթացքում օգտագործվող այլ նյութերի ծախսերը։
Ապահովել, որ Վարորդը պահպանի ճանապարհային երթևեկության կանոնները, իսկ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքում կրել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված պատասխանատվությունը։
Տալ իր համաձայնությունը վարձակալության ժամանակահատվածում կատարված բոլոր իրավախախտումների վերաբերյալ ծանուցումները և որոշումները վերահասցեագրելու իր անվամբ և հասցեով։
Ավտոմեքենան շահագործել բացառապես Հայաստանի Հանրապետության սահմաններում։
Վարձակալության պայմանագրի ամբողջ ժամկետի ընթացքում Վարձակալը պարտավոր է ապահովել վարձակալած տրանսպորտային միջոցի պատշաճ վիճակը: Այդ պարտականությունը ներառում է նաև Ավտոմեքենայի արտաքին և ներքին մաքրությունը, ինչպես նաև Ավտոմեքենայի ընթացիկ և հիմնական վերանորոգումը։
Վարձակալն իր ուժերով իրականացնում է վարձակալած տրանսպորտային միջոցի կառավարումը, ինչպես նաև դրա առևտրային և տեխնիկական շահագործումը։
Վարձակալն իրավունք չունի առանց Վարձատուի թույլտվության Ավտոմեքենայի վարման իրավունք տալ որևէ այլ անձի։
Վարձակալն իրավունք չունի առանց Վարձատուի համաձայնության Ավտոմեքենան հանձնել Ենթավարձակալության։
Վարձակալը պարտավորվում է ապահովել, որ Ավտոմեքենա վարելիս Վարորդը չգտնվի ալկոհոլի, թմրանյութի, հոգեմետ դեղերի, ինչպես նաև Վարորդի սթափության և ինքնազգացողության վրա վնասակար ազդեցություն ունեցող այլ դեղերի և նյութերի ազդեցության տակ։ Սույն կետի խախտման դեպքում Ավտոմեքենային, ուղևորներին, երրորդ անձանց և նրանց գույքին պատճառված վնասի հատուցումն ամբողջ ծավալով կրում են Վարձակալը և Վարորդը։
Վարձակալը պարտավորվում է ապահովել, որ Վարորդը Ավտոմեքենան կայանի տվյալ տրանսպորտային միջոցի կայանման համար թույլատրվող տարածքում, կայանելիս փակի Ավտոմեքենայի դռները՝ այդ թվում բեռնախցիկը և Ավտոմեքենայում չթողնի դրա փաստաթղթերն ու պատկանելիքը (բանալի, հիշողության քարտ (չիպ) և այլն։
Վարձակալը պարտավոր է Ավտոմեքենայի կամ դրա բաղկացուցիչ մասերի կորստի (գողության) դեպքում անհապաղ այդ մասին տեղյակ պահել Վարձատուին, ապահովագրական ընկերությանը և Ոստիկանությանը։
Վարձակալը պարտավոր է վթարի դեպքում այդ մասին անհապաղ տեղյակ պահել Վարձատուին, ապահովագրական ընկերությանը, ինչպես նաև ոստիկանությանը, վթարի վայրից չտեղաշարժել Ավտոմեքենան և ապահովել վթարի ձևակերպման հետ կապված բոլոր ընթացակարգերը։ Սույն կետի խախտման դեպքում Ավտոմեքենային, ուղևորներին, երրորդ անձանց և նրանց գույքին պատճառված վնասի հատուցումն ամբողջ ծավալով կրում են Վարձակալը և Վարորդը։
Վարձակալը պարտավոր է հետևել Ավտոմեքենայի շահագործման ընդունված կանոններին և Ավտոմեքենան լիցքավորել բարձրորակ վառելիքի տեսակով:
ՎԱՐՁԱՎՃԱՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Սույն պայմանագրով Ավտոմեքենայի վարձակալության համար վարձավճարը կազմում է ____________ ՀՀ դրամ։
Վարձակալի կողմից վարձավճարը վճարվում է միանվագ՝ Պայմանագրի կնքման օրը։
Ավտոմեքենայի Վարձակալության գինը ներառում է բոլոր հարկերը, կարմիր գծանշումներով ավտոկայանատեղիների տուրքերը Երևան քաղաքում, անսահմանափակ վազքը։
Ավտոմեքենայի Վարձակալության գինը չի ներառում դրա սպասարկման ծախսերը, շահագործման ընթացքում օգտագործվող վառելիքի, ավտոլվացման արժեքը, այլ կայանատեղերի վճարները, ինչպես նաև ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքները։
Ավտոմեքենան վարձակալության ժամկետից շուտ վերադարձնելու դեպքում վճարված վարձավճարի գումարը վերադարձման ենթակա չէ։
Բացի սույն պայմանագրի 3.1. կետում նշված վարձավճարի գումարից Վարձակալը Ավտոմեքենան վարձակալությամբ ընդունելու պահին Վարձատուին վճարում է _____________ ՀՀ դրամ, որպես իր կողմից սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունների ապահովման միջոց (այսուհետ՝ Գրավի գումար)։ Եթե Վարձակալը Ավտոմեքենան պատշաճ վիճակում և Պայմանագրով սահմանված ժամկետին հանձնում է Վարձատուին, ապա Գրավի գումարն ամբողջությամբ հետ է տրվում Վարձակալին: Եթե առաջացել են լրացուցիչ ծախսեր, որոնք չեն գերազանցում Գրավի գումարը, ապա դրանք փոխհատուցվում են Գրավի գումարի հաշվին, իսկ մնացորդը հետ է տրվում Վարձակալին: Եթե լրացուցիչ ծախսերը գերազանցում են Գրավի գումարը, ապա Վարձատուն իրավունք ունի պահանջելու ավել ծախսերի գումարի տարբերությունը։
ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ ԵՎ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
Ավտոմեքենան Վարձակալին է տրամադրվում տեխնիկապես անթերի, լվացված վիճակում, վառելիքի ամբողջական լիցքավորմամբ։ Ավտոմեքենայի տեխնիկական վիճակը նկարագրվում է Կողմերի կողմից ստորագրված հանձնման-ընդունման ակտում։
Վարձակալը պարտավոր է վերադարձնել Ավտոմեքենայի բոլոր փաստաթղթերը, որոնք տրամադրել է Վարձատուն։
Վարձակալը պարտավոր է Ավտոմեքենան Վարձատուին վերադարձնել պատշաճ, տեխնիկապես անթերի, լվացված վիճակում, և վառելիքի ամբողջական լիցքավորմամբ։
Ավտոմեքենան մաքուր վիճակում Վարձատուին չհանձնելու դեպքում Պայմանագրի 3.6. կետով սահմանված կարգով Վարձակալից գանձվում է տույժ 5.000 ՀՀ դրամի չափով:
Ավտոմեքենան վառելիքի պակաս լիցքավորմամբ Վարձատուին հանձնելու դեպքում Պայմանագրի 3.6. կետով սահմանված կարգով Վարձակալից գանձվում է տույժ 600 ՀՀ դրամի չափով` վառելիքի յուրաքանչյուր պակաս լիտրի դիմաց:
Վարձատուի կողմից Ավտոմեքենայի հանձնումը Վարձակալին, ինչպես նաև Վարձակալի կողմից Ավտոմեքենայի վերադարձը Վարձատուին իրականացվում է երկկողմ հանձնման-ընդունման ակտ կազմելու միջոցով, որը հանդիսանում է սույն պայմանագրի անբաժանելի մասը։
ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Սույն Պայմանագրով նախատեսված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար Պայմանագրի պայմանները խախտած կողմը պատասխանատվություն է կրում ` ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով։
Սույն պայմանագրով նախատեսված վճարման ժամկետները խախտելու դեպքում Վարձակալը Վարձատուի պահանջով վճարում է տույժ չվճարված գումարի 0.1%-ի չափով յուրաքանչյուր կետանցված օրվա համար։
Ավտոմեքենան վարձակալության ժամկետից ուշ վերադարձնելու դեպքում Վարձակալը պարտավոր է վճարել յուրաքանչյուր ուշացված օրվա համար սույն պայմանագրով նախատեսված վարձակալության արժեքը, ինչպես նաև տույժ յուրաքանչյուր ուշացված օրվա համար սույն պայմանագրով նախատեսված վարձակալության արժեքի ____ % -ի չափով։
Վարձակալը Ավտոմեքենան ընդունելու պահից ստանձնում է Ավտոմեքենային պատճառված վնասի, ինչպես նաև Ավտոմեքենայի շահագործմամբ պատճառված վնասի ողջ պատասխանատվությունը։
Վարձատուն պատասխանատվություն չի կրում Ավտոմեքենայում թողած իրերի կորստի, անհետացման կամ վնասման համար։ Ավտոմեքենայում թողած իրերի կորստի կամ վնասման համար պատասխանատվությունը կրում է Վարձակալը։
Վարձատուն պատասխանատվություն չի կրում Ավտոմեքենայի ուղևորների առողջական խնդիրների համար, այդ թվում հնարավոր վթարի հետևանքով առաջացած։
Ավտոմեքենայի կորստի կամ վնասման դեպքում Վարձակալը պարտավոր է փոխհատուցել Վարձատուին Ավտոմեքենայի արժեքը և կրած վնասները։
Վարձակալված տրանսպորտային միջոցով, նրա մեխանիզմներով և սարքերով երրորդ անձանց պատճառված վնասի համար, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 60 գլխի կանոններին համապատասխան, պատասխանատվությունը կրում է Վարձակալը:
Վարձատուն իրավունք ունի սույն պայմանագրով Վարձակալի կողմից վճարվելիք տույժերի, տուգանքների և վճարման ենթակա այլ ծախսերի գումարները պահել սույն պայմանագրի 3.6. կետում նշված գումարներից, իսկ դրա անբավարարության դեպքում լրացուցիչ վճարման պահանջ ներկայացնել Վարձակալին։
ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ
Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրության հայտարարումը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը։ Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծարել պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին։
Կողմը, որը չի կատարում իր պարտականությունները անհաղթահարելի ուժի առկայությամբ պայմանավորված, պարտավոր է այդպիսի պայմանների վրա հասնելուց հետո 24 ժամվա ընթացքում տեղեկացնել մյուս կողմին:
ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն պայմանագրի գործողության ժամկետը սահմանվում է «__»______2021 թվականի ժամը __։__ -ից մինչև «__»______2021 թվականը ժամը __։__-ը։
Պայմանագրի գործողության ժամկետն ավարտվելուց հետո Պայմանագիրը կարող է երկարաձգվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ։
Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել սույն պայմանագիրը մինչև դրա գործողության ժամկետի ավարտը` այդ մասին առնվազն 3 (երեք) օր առաջ գրավոր տեղեկացնելով մյուս կողմին:
Պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել սույն պայմանագրով կամ օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Պայմանագրի լուծումը հիմք չի կողմերի կողմից սույն պայմանագրով սահմանված պարտավորությունները չկատարելու համար:
Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճի լուծումը հանձնվում է դատարանի քննությանը։
Կողմերից ոչ մեկը առանց մյուս կողմի գրավոր համաձայնության իրավունք չունի մասնակի կամ ամբողջությամբ փոխանցել սույն պայմանագրով նախատեսված իր իրավունքները և պարտականությունները երրորդ անձանց:
Արգելվում է Ավտոմեքենան շահագործելիս տեղափոխել հրավտանգավոր բեռներ, պայթուցիկ նյութեր, մաքսանենգ ապրանքներ և օրենքով արգելված կամ վտանգավոր այլ բեռներ: Արգելվում է Ավտոմեքենան օգտագործել մրցույթներում, շահագործել որպես քարշակ, որպես ուսումնական ավտոմեքենա կամ տաքսի ծառայության, ինչպես նաև բեռնափոխադրման նպատակով:
Պայմանագրի բոլոր փոփոխություններն ու լրացումները պետք է կատարվեն կողմերի համաձայնությամբ՝ գրավոր համաձայնագրով, որը հանդիսանում է պայմանագրի անբաժանելի մասը։
Սույն Պայմանագիրը կազմված է երկու լեզվով՝ հայերեն և անգլերեն, երկու օրինակից, մեկական օրինակ յուրաքանչյուր կողմին: Հայերեն և անգլերն տարբերակների միջև անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տարբերակին։